logo

Պապ ջան, մայրիկի ծննդյան օրը քո նախընտրած վարդերը նվիրեցի մայրիկին. Էդուարդ Բախշյան

  9 ամյա Էդուարդը մայրիկի ծննդյան օրը տատիկից փող խնդրեց, որպեսզի մայրիկի համար գնի այն ալ կարմիր վարդերը, որոնք հայրն էր մի՛շտ նվիրում... 

Էդուարդը Հայկ Բախշյանի որդին է։ Հայկ Էդուարդի Բախշյանը ծնվել է 1985 թվականի Օգոստոսի 20 -ին Ստեփանակերտ քաղաքում: Նա ընտանիքի առաջնեկն էր, հայրը նրան նահապետ էր անվանում։
Մանկուց Հայկը առանձնանում էր բարեսրտությամբ,հոգատարությամբ, աշխույժությամբ, հյուրասիրությամբ։
 Հայկը սովորել է Ավ.Իսահակյանի անվան համար 10 միջնակարգ դպրոցում։
1993 թվականն էր ՝ օգոստոսի 20, Հայկն իր 8-ամյակին էր անհամբեր սպասում, սպասում էր որ հայրը պատերազմից մի քանի րոպեով գար, որպեսզի  տոնեին ծննդյան տարեդարձը, հայրը նվերներ էլ էր խոստացել... Մինչ ընտանիքը ծննդյան տոնին էր պատրաստվում Հայկի ծննդյան օրը Հայկի հայրը Կուբաթլուի Բաշարաթ գյուղի ազատագրման ժամանակ հերոսաբար զոհվում է, այդ օրից ի վեր Հայկը իր ծննդյան օրը անցկացնում էր գերեզմանատանը։
Հայկի մայրը՝ տիկին Լաուրան ամուսնու զոհվելուց հետո շատ մեծ դժվարությամբ մեծացրեց  3 երեխաներին։ Տիկին Լաուրան Հայկին յուրահատուկ սիրով էր սիրում, ասում է, որ Հայկն իրենց պաշտպանն էր, ուրախությունն էր, տրամադրությունն էր, շտապ օգնությունն էր, եթե որևէ մեկը հիվանդանում էր հարազատներից՝ առաջին օգնության ձեռք մեկնողը Հայկն էր լինում։
Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվեց Ստեփանակերտի  Գ.Նարեկացի համալսարանի Տնտեսագիտություն բաժին։ 2003 թվականի դեկտեմբերին զորակոչվեց զինծառայության։
2013 թվականից անցավ ծառայության Շուշիի ՀՕՊ զորամասում, 2015 թվականի մարտին մեկնեց ՀՀ Լուսակերտի ուսումնական կենտրոն ՀՕՊ գծով սպայական դասընթացների, նույն թվականի օգոստոսին ստացավ  լեյտենանտի սպայական կոչում, 2 տարի անց 2017 թվականին ստացավ ավագ լեյտենանտ, իսկ 2019 թվակաին կապիտանի զինվորական կոչում։ 2019 թվականին տեղափոխվեց Մարտունի 2-րդ զորամաս, որպես ՀՕՊ զորքի մարդկոցի հրամանատար։
Հայկը ամուսնացած էր , ունի 2 անչափահաս զավակ Մարիամ և Էդուարդ անուներով։ Քրոջ պատմելով  եղբայրն անչափ  ռոմանտիկ էր, միշտ սիրում էր անակնկալներ մատուցել կնոջը՝ Իլոնային, մենք նրան միշտ հավերժ սիրահար էինք անվանում, ասում է հերոսի քույրը։ 
<<Շատ կենսուրախ էր , տրամադրություն ստեղծող, այո եղբորս  հետ ամեն մի օրը իսկական տոնի էր վերածվում,
Հայկը այնպիսի անձնավորություն էր, որ հասցնում էր բոլորին ուշադրությում դարձնել կնոջը, մայրիկին, քույրիկին, եղբորը։
Փողոցով քայլելուց միշտ ձեռքը փաթաթում էր մայրիկի վզին, իսկ մյուս ձեռքով բռնում էր  կնոջը՝ Իլոնայի ձեռքից ու հպարտ քայլում...
Հայկը ուներ երազանք, երազում էր իրականացնել հոր երազանքը՝ գեներալի ուսադիրներ կրել։
Պատերազմի օրերին երբ զանգում էր ,արագ-արագ ուզում էր բոլորի հետ հասցնել խոսել ու բոլորին հուսադրել, միշտ ասում էր ամեն ինչ լավա լինելու չմտածեք։ Նա շատ լավատես էր...
Նա շատ հայրենասեր էր ,երբ հարցնում էինք եր՞բ կգաս ,թեկուզ մեկ օրով, որ հանգստանաս, նա ասում էր՝ բա էստեղի երեխեքս, բա զինվորներիս ոն՞ց մենակ թողնեմ։ Վերջին անգամ զանգեց մայրիկին, խոսաց նրա հետ ու ասաց ժամանակ չկա մամ Իլոնային քնից հանի նրա հետ էլ 2 բառ խոսեմ>>,-
պատմում է քույրը։
 Մայրը` տիկին Լաուրան ասում է, որ Հայկի զոհվելուց հետո նրա հետ միասին մենք հավերժ կորցրեցինք մեր խինդն ու ծիծաղը։ Փշրվել է ընտանիքիս երկրորդ սյունը, Հայկի զոհվելուց հետո ողջ ապրած մեր կյանքն անիմաստ դարձավ...

Նա զոհվեց, մենք որբացանք...

Top