logo

Որդուն՝ Ռաֆայելին, ասաց, որ գնում է աշխատանքի, և ապրիլի 21-ին զինվորական կարգով ու եռագույնով բերեցին տուն

Այսօր ապրիլյան պատերազմի նահատակ հերոս, կամավոր Մարատ Դանիելյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 36 տարեկան։Պատերազմ մեկնելիս Մարատն իր   5 -ամյա որդուն՝ Ռաֆայելին, ասաց. «Գնում եմ աշխատանքի»,-գնաց ու այլևս չվերադարձավ…                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Ճակատագիրը հաճախ է մեր հայրենիքի վրա տարածել պատմության վերջին էջի ստվերը, բայց այն միշտ էլ ցրվել է շնորհիվ հայ ժողովրդի մեծագույն զոհողությունների: Այդպես է եղել Արցախյան ազատամարտի ժամանակ, որի շնորհիվ հայը վերագտավ իր հաղթողի գենը, այդպես է նաև այս անգամ՝ դավադիր ու նենգ հակառակորդի հրահրած ապրիլյան պատերազմում: Ու չնայած նրան, որ այս օրերին Հայոց Բանակը փայլում է իր մարտունակությամբ ու հզոր ոգով, այնուամենայնիվ, հայ զինվորի կողքին չէր կարող չլինել հայ կամավորը: Հակառակորդի ագրեսիվ գործողություններից ընդամենը հաշված ժամեր անց զինկոմիսարիատներում կամավորագրվածների թիվը հասնում էր մի քանի հազարի: Հայրենիքին օգնության հասնելու, հայ զինվորին թև ու սատար լինելու համար հոժար կամքով ճակատ մեկնածներից մեկն էլ Մարատ Ռաֆայելի Դանիելյանն էր: Մարատը ծնվել է 1984 թվականի մարտի 6 -ին, Ստեփանակերտ քաղաքում: 1991-2002 թթ. սովորել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2002- 2004 ծառայել է ԱՀ ՊԲ-ում, 2006թ.ավարտել է Արցախի Պետական Համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժինը: 2014 թվականից աշխատել է ԱՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում, որպես տնտեսվար, իսկ 2015թ հունիսի 17 –ից զբաղեցրել է «Հունոտի Կիրճ»  պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը: Մարատն ամուսնացած էր, ունի 2 զավակ: Ապրիլի 21 –ին, ժամը 06:30-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մարտական դիրքում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով Մարատ Ռաֆայելի Դանիելյանը թիկունքից մահացու հրազենային վիրավորում է ստանում: Ընդհատվում է մի կյանք, որն ընդամենը 32 գարուն էր հասցրել բոլորել... Նրանց ապրած կյանքն ու պայքարը դառնալու են դաս և ուղղորդելու են սերունդների ուժը հայրենակերտման ու ազգափրկության վեհագույն գործին : Հավերժ փառք մեր սուրբ նահատակներին...                                                                                             

Top