logo

Մարտակերտի հերոսներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 24 տարեկան

Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է, նա կդառնար 24 տարեկան․

1996 թվականի մայիսի 1-ին Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Անդրանիկը: Մայրը պատմում է, որ որդուն մեծ դժվարությամբ է ունեցել, իր ծնվելու օրն էլ պայքարել է. «Պայքարելով ծնվեց ու կյանքի վերջին վայրկյանին էլ պայքարեց»:

Մոր և որդու միջև առանձահատուկ կապվածություն է եղել, տիկին Ալլան միշտ զգացել է որդու հետ կատարվող ամեն ինչ: Հիշում է, որ ապրիլի 2-ին չեն կարողացել քնել, հոգում դատարկությունն էր, իսկ այդ օրերին ուժեղ ցավեր է զգացել մարմնի ձախ հատվածում: Երբ Անդրանիկի մարմինն ապրիլի 8-ին փոխանակել են, ամուսնուն խնդրել է՝ նայել, թե արդյոք ձախ հատվածում է որդու վնասվածքը:

«Հայրը տեսել էր, որ Անդրանիկս հենց ձախ ոտքից էլ վիրավորվել է: Իմ ձախ կողմի ցավը հենց այդ հատվածում էր, նույն ցավը զգացել է Անդրանիկս»,- ասում է տիկին Ալլան:

Ծնողները հիմա ավելի շատ են հիշում Անդրանիկի մանկության տարիները: Աշխույժ, շարժուն երեխա էր, նաև՝ չարաճճի:

«Նկատողություն շատ քիչ ենք արել, միշտ չափի մեջ է եղել, զուսպ, լսող երեխա էր, այդպես էլ մեծացել է»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը: 

Հայրը հաճախ հիշում է Ամանորի այն ուրախ օրերը, երբ ընտանիքով հյուր էին գնում, իսկ ամբողջ ճանապարհն ինքն ու որդին ձնագնդի խաղալով, ձների մեջ թավալվելով էին հասնում հարազատների տուն, ականջների մեջ այսօր էլ Անդրանիկի զրնգուն ու լիաթոք ծիծաղն է…

Ծնողները հիշում են, թե վեց տարեկանում ինչպես էր բակում ֆուտբոլ խաղալիս ընկել ու թևը կոտրել:

«Ոչ լացում էր, ոչ էլ դժգոհում, հակառակը, բոլորիս հույս էր տալիս, ասում էր՝ չլացեք, չի ցավում, ամեն ինչ կանցի»,- պատմում է Ատոմ Զոհրաբյանը:

Ծնողները թերթում են Անդրանիկի նկարներն ու հիշում որդու հետ կապված ամեն մի դրվագ: Թե մանկության, թե պատանեկության տարիների լուսանկարները քիչ են, հոր խոսքերով՝ այնպես  է ստացվել, որ փոքրուց տղան նկարվել չի սիրել, իսկ եղած լուսանկարներն էլ արել են մայրիկն ու քույրերը:

2015 թվականի մայիսի 1-ը՝ Անդրանիկի 19-ամյակը ծնողները շատ լավ են հիշում: Երեք օր ընտանիքով Մարտակերտում են եղել, որոշել էին, որ պետք է միասին նշեն զինվոր որդու ծննդյան օրը: Անդրանիկը քրոջն ասել է, որ ամեն դրվագը նկարի, հիմա են ծնողները վերլուծում  ու մտածում, որ երևի դիրքերում կանգնելուց հետո ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ:

«Անդրանիկը շատ զուսպ էր, քիչ էր պատահում, որ զգացմունքներն արտահայտեր, ինքը կարողանում էր իր ներսում ամեն ինչ պահել, բայց այդ օրը շատ ուրախ էր: Ուրախ էր, որ միասին էինք, պարում էր, կատակներ էր անում, հումորի նուրբ զգացողություն ուներ»,- ասում է հայրը:

Անդրանիկը երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Արդեն 8 տարեկանից հաճախում է Վեդիի ֆուտբոլի մարզադպրոց: Մրցումների ժամանակ մարզիչները նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երևան, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից Անդրանիկը Վեդիից հասնում էր Երևան ֆուտբոլի պարապմունքների: Նա տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությանը ու եղել իր թիմի պաշտպանության հենասյունը:

Նրա կուռքը Հենրիկ Մխիթարյանն էր, երազում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեսնել աշխարհի առաջնության  եզրափակչում: 

Ատոմ Զոհրաբյանը 116 դիրքի չորս հերոսներին եղբայրներ է համարում, որոնք մի քանի ժամ պայքարել են, իրար թև ու թիկունք եղել, պահել են այն հողը, այն դիրքը որն իրենց էր վստահված. «Իրենց պատգամը մեկն է՝ այն հաղթանակը, որը ձեռք բերեցին իրենց կյանքի գնով, տեր կագնենք: Մենք պարտավոր ենք տեր կանգնել»:

Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վեդու Եվրոպական քոլեջի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Զուգահեռ շարունակում էր զբաղվել ֆուտբոլով, բացի այդ, մինչև բանակ զորակոչվելը հասցրել էր խոհարարական դասընթացների մասնակցել: 2014թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին ու զորակոչվել բանակ:

Ծառայությունից երբեք ոչնչից չի դժգոհել, իսկ ամեն անգամ դիրքեր բարձրանալուց առաջ ու հետո զանգել է ծնողներին: Վերջին անգամ Անդրանիկի հետ ծնողները խոսել են մարտի 29-ին: Ապրիլի 1-ին էլ սպասել են, որ կզանգի, կասի, որ հասել են դիրքեր,  բայց որդին այդպես էլ չի զանգել: Որդու զոհվելու մասին լուրը նրանց հայտնել են ապրիլի 3-ին։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

 

Top