logo

Blog single photo

ԱՀ ԿԳՄ նախարարության կողմից մշակվող մեխանիզմների հիման վրա՝ նոր ուսումնական տարում տարրական օղակի դասապրոցեսը կկազմակերպվի դպրոցներում. Լուսինե Ղարախանյան

<<Արցախնյուզի>> թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 1-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասել էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

 

 Նախարարն իր խոսքին հավելել էր, որ ներկայումս կազմակերպչական  աշխատանքներ են տարվում նախադպրոցական հաստատությունների, նախակրթարանների և տարրական օղակի ուսուցման ուղղությամբ:

ԱՀ ԿԳՄ նախարարի խոսքով՝ ինչպես ցույց են տալիս կատարված վերլուծությունները, տարրական օղակի ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել առցանց տարբերակով:

Նա նաև նշեց, որ գյուղաբնակ վայրերում, որտեղ դպրոցները սակավակազմ են, անպայման ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենդանի շփմամբ: <<Կարծում եմ՝ միջին օղակում սովորող երեխաները ես պետք է հնարավորություն ունենան՝ կենդանի շփմամբ անցկացնելու ուսումնական պարապմունքները: Իսկ ավագ դպրոցի, մասնավորապես՝ վերջին երկու դասարանների պարագայում, ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առցանց տարբերակով՝ իհարկե, պայմանավորված համավարակի ազդեցության հանգամանքներով»,- տեղեկացրել է Լ. Ղարախանյանը:

Ըստ վիճակագրական վերլուծությունների և մշտադիտարկման գործընթացի՝ կան խոցելի խմբեր, ովքեր պարզապես դուրս են մնացել հեռավար կրթությունից: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ այս ուղղությամբ արդեն իսկ տարվում են որոշակի քայլեր: Մասնավորապես՝ առաջիկայում առցանց տարբերակով ուսուցիչների համար կմեկնարկեն վերապատրաստման դասընթացներ: ԿԳՄ նախարարությունը քայլեր է ձեռնարկում նաև ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին տեխնիկապես զինելու համար:

 

«Մենք հույս ունենք, որ նոր ուսումնական տարում կորոնավիրուսային համավարակն այնպիսի ընթացք չի ունենա, որպեսզի կրկին անցում կատարենք առցանց ուսուցման, սակայն սեպտեմբերի 1-ին մենք կլինենք զինված համապատասխան գործիքակազմով և առցանց հարթակներին տիրապետող ուսուցչությամբ>>,-մասնավորապես ասել է Լ. Ղարախանյանը:

Top