logo
Blog single photo

ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ Է/ Իմեդի TV-ի լրագրող Գոհար Պետրոսյան

-Ժամանակը Ձեր մտապատկերում… - Ինֆորմացիայի ահռելի հոսք է՝ իրադարձություններով, էմոցիաներով, հիշողություններով, հոտերով ու համերով գերհագեցած։
-Առաջին հանդիպում…- Առաջին հանդիպում լինում է ամեն օր :
-Ձեր մեջ ի՞նչ երևույթ է բնակվում,որ կուզեք չլինի… - Ինձ համար իմ մեջ ամենաանտանելին հոգեկան խանգարման հասնող կապվածությունն է հեռուստատեսության հետ։ Ես ինձ հետ չէի ուզի աշխատել :
-Ձեր սիրելի շրթներկի գույնը…- Բնականին մոտ ցանկացած երանգ, բայց ոչ մի դեպքում կարմիր շրթներկ. ինձ չի սազում :
-Ինչո՞ւ հենց այդ գույնը…- Նախընտրում եմ պաստելային գույները. դրանք բնականություն են հաղորդում ու եթերային են։
-Ի՞նչ եք կորցրել,որ ափսոսում եք...- Ափսոսում եմ մեծական կյանքով ապրած պատանեկությանս տարիները։ 
-Ո՞ւմ կտայիք Ձեր վերջին գումարը… - Վերջին գումարը չեմ հասկանում՝ ինչ է։ Ես երբեք պահած գումար չեմ ունենում, որ որևէ մեկին տամ կամ չտամ :
-Որտե՞ղ կցանկանայիք ապրել…-Կուզեի ապրել խիտ բնություն ունեցող քաղաքում կամ շատ հեռու գյուղում։ Վերջին օրերին «արցախերեն» ու աբխազերենի բարբառն եմ փորձում հասկանալ, որովհետև կուզեի ապրել Արցախում կամ Աբխազիայում :
-Հրաշքների հավատո՞ւմ եք…- Չգիտեմ, բայց ուզում եմ հավատալ, թեև կյանքումս շատ դեպքերում չեմ պատկերացրել՝ ինչին ինչպես եմ հասել, ինչպես եմ ողջ մնացել, ինչպես եմ շատ բաներ հաղթահարել...երևի հրաշքով:
-Երեք <<ինչո՞ւ>> Ձեր կողմից… - Ինչո՞ւ են մարդիկ սկսել այդքան ատել ու չհանդուրժել իրար։ Ինչո՞ւ են մարդկանց մի մասը շատ հաջողակ, որ ամեն ինչի հասնում են հեշտությամբ, իսկ մյուսները՝ գրեթե կյանքի գնով։ Ինչո՛ւ ենք այնքան էգոիստ դարձել, որ սկսել ենք մոռանալ, որ մարդ ենք ու մեր դիմացինը նույնպես մարդ է։ 
-Ուրիշ ո՞վ է ապրում Ձեր մեջ… -Երևի մի փոքրիկ փիլիսոփա, հոգեբան,  հարբեցող, մի թիթիզ, բայց գերէմոցիոնալ  աղջիկ,  քաղաքագետ,  քրեագետ, մարդու իրավունքների պաշտպան, մի փոքրիկ բնապահպան ու էլի շատ փոքրիկ մարդուկներ:
-Ո՞ր տարիքում կցանկանայիք լինել… - Կցանկանայի կյանքս վերսկսել 16 տարեկանից։
-Ինչու՞…- Այդ տարիքում մեծ երազանքներ ու շատ սիրուն պատկերացումներ ունեի «մեծական» կյանքի մասին, բայց չափահասությունից ի վեր կյանքի մարտահրավերները հաղթահարելու ընթացքում կորցնում ենք լավագույնը, որ կար մեր մեջ ու լավագույնը, որ մեզ սովորեցրել են մեր ծնողները։
-Ի՞նչ կփոխվեր…- Կփորձեի գիտակից ու պատասխանատու լինել իմ անձի, իմ շրջապատի ու ապագայի նկատմամբ։ Երևի չէի կորցնի ամենապարզ ու սիրուն ցանկությունները, մտքերը, կյանքը։
-Ապագան երազանքո՞վ, թե հավատով…- Հավատով ու երազանքով, որին միայն դու հավատաս, իսկ մյուսների համար դա անհասկանալի ու անհավանական լինի։ 
-Ընկերության մասին… - Ընկերության մասին դժվար է խոսել։ Դա ամենակոմֆորտ երևույթն է՝ համեմված ցինիզմով, փիլիսոփայությամբ, բամբասանքով, աննորմալ ցանկություններով ու արկածներով։
-Ապրելու բանաձևը…- Ուղղակի ապրել առանց վնասելու։
-Հանդիպումներ անցյալից… - Անցյալն անցյալում է: 
-Որպես վերջաբան…- Սիրենք այն, ինչ ունենք, որովհետև սիրելու ենք, երբ էլ չունենանք :

Top