logo

Blog single photo

ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆԻ ԿԵՐՊԱՐԸ / Արմեն Հայրապետյան

   Նյութը՝ Վովա Արզումանյանի       Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին են իր ուժերը, մինչև դրանք չփորձարկի։ Գյոթե
 Պատահական չէ, որ այս խոսքերն եմ ընտրել ՝ որպես այս նյութի առաջաբան: Նյութիս հերոսի մասին քիչ թե շատ լսած կլինեն համարյա բոլորը,սակայն նրա կերպարային առանձնահատկությունների մասին քչերը գիտեն: Մարդկային հանգիստ կերպարում ամբողջացած են ուժն ու նպատակը, սերն ու նվիրումը:Արմեն Հայրապետյանի մոտ սպորտի հանդեպ սերն առաջացել է դեռ մանկուց՝ վեց տարեկանից: Պատանի Արմենը սկզբից զբաղվում էր ըմբշամարտով, երեք տարուց հետո՝ կիգբոքսով,իսկ ավելի ուշ՝ սանդա ուշու մարզաձևով: Բանակային կյանքում ավելի մոտեցավ սպորտին, առանց երկմտելու արդեն որոշել էր՝ պետք է չեմպիոն դառնա:Բնավորությամբ էլ է տարբերվում: Չի սիրում կեղծ մարդկանց, մարդու մեջ գնահատում է անկեղծությունն ու բարությունը, ինչպես՝ ինքն է:Արմեն Հայրապետյանն արդեն յոթ տարուց ավել է, որ ներկայացնում է Արցախի <<ԱրմՖայթինգ>> ֆեդերացիան: Տվյալ ֆեդերացիան Արցախում գործում է 2012 թվականից: Շատ մեծ ձեռքբերումներ է ունեցել Արմենը, ասում է , որ այլ տեսանկյունից է մոտեցել սպորտին , ինչն էլ հաջողվել է նրան, և նա հիմա կայացած ու պրոֆեսիոնալ մարզիկ է:Զրուցակիցս նշում է,որ ընդհանուր մենամարտ սպորտաձևով հետաքրքրվողներն Արցախում շատ են: Արմենը սիրողական մենամարտերին մասնակցելու ժամանակ ՀՀ <<ԱրմՖայթինգ>> ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի ուշադրությանն արժանացավ, և միանգամից մարզիկն առաջարկ ստացավ, որպեսզի որպես պրոֆեսիոնալ մարզիկ հանդես գա ավելի բարձր հարթակներում: Արմենը չհրաժարվեց, նույն օրից սկսեց զբաղվել ՝ օր օրի նպատակը կրկնապատկելով . պե՛տք է հաղթել բոլոր մենամարտերում:2018 թվականի հունվարի 28-ին Արմեն Հայրապետյանը դարձավ աշխարհի չեմպիոն:Նա իր քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերեց բազում հաղթանակներ, Արցախի դրոշը ծածանեց տարբեր հարթակներում և ամենակարևորը ՝ մի՛շտ առաջին հորիզոնականում:Տարբեր տարիների ստացած չեմպիոնական գոտիները համեստորեն ցույց է տալիս , և ներսս անասելի հպարտությամբ է լցվում: Ինչպե՞ս չհպարտանալ նման չեմպիոնով : Ամեն խնդիր նրա ուշադրության կենտրոնում է ՝ սկսած մանրուքներից:
Նա արդեն գտել է իր երկրորդ կեսին, որի հանդեպ սերն անչափելի է:Խոսելով անձնական կյանքի մասին՝ մեծ ցավ ապրեցի: Եվ ճիշտ եմ համարում մեջբերել նրա խոսքերը. «Մենք հինգ եղբայր ենք: Փոքր տարիքում կորցրի ծնողներիս: Դե՛ երևի պատկերացնում եք, թե ինչ դժվարություններ ենք տեսել, բայց դրանք անցյալում են, որովհետև եղբայրներիս հետ մի բռունցք ենք դարձել ու հաղթահարել ամեն բան: Ցավալի իրողությունը մեզ դաս եղավ, որպեսզի ավելի խորը մտածենք ու մեր ամեն քայլը պլանավորենք »։Աչքերի ներսում թաքցնում է ցավը ,բայց ամեն ինչ տեսնում ու զգում եմ: Նա ուժե՛ղ է:
Արմեն Հայրապետյանը, լինելով պրֆեսիոնալ մարզիկ, նաև աշակերտներ ունի, որոնց մեծ ուշադրություն է դարձնում, ասում է ՝ մի օր էլ նրանք կդառնան աշխարհի չեմպիոն:Արմենն ասում է .«Սպորտն ինձ համար աշխատանքների աշխատանքն է, քանի որ ամեն մարդ չէ, որ առավոտյան ժամը 6-ից կարող է աշխատել, իմ դեպքում ՝ մարզվել: Ինձ համար սպորտն առաջին տեղում է, և ես ինձ մոտակա 10-15 տարիներին չեմ պատկերացնում առանց սպորտի: Ես ապրում եմ սպորտով»։
Արմենն իրեն գտավ սպորտում, իսկ սպորտը Արմենի մեջ շատ բան փոխեց:Հիասթափությունների մասին նույնպես խոսեց, սակայն չցանկացավ մանրանալ: Արմենն ուրախությամբ է նշում, որ ամեն ինչ անում է ամեն մենամարտից հաղթանակով դուրս գալու համար: Հերոսներով հպարտանում է,բոլոր հաղթանակները հայրենիքին է նվիրում, որովհետև շատ է սիրում ու պաշտում հայրենիքը: Իրեն չի պատկերացնում ուրիշ տեղ, ասում է ՝ Արցախո՛ւմ եմ ապրում և ապրելո՛ւ եմ:
Դեռ շատ հպարտանալու առիթներ կունենանք, ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչ դեռ առջևում է :
Արմենին մաղթենք առողջություն և ուժ, իսկ նրա հաղթանակները թո՛ղ միշտ կերտվեն Արցախի հաղթական ու խաղաղ կամարների ներքո:

Top