logo

Blog single photo

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ

 

Արցախի հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ուղեկցությամբ տեղակալներ Վիլեն Ավետիսյանի, Համլետ Ապրեսյանի և ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Հրանտ Սաֆարյանի,  այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ, որտեղ սկսվել է գարու բերքահավաքը: Նախարարը հետևել է բերքահավաքի ընթացքին, զրուցել հողօգտագործողների հետ: Առաջին ցուցանիշները բավարար են. միջին բերքատվությունը կազմում է 17.9 ց/հա, իսկ որոշ տեղերում այդ ցուցանիշը հասնում է մինչև 20 ց-ի:
 Այնուհետև Ա. Բախշիյանն այցելել է Մարտակերտի շրջանում տեղակայված բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներ, որտեղ աճեցնում են ձմերուկ ու վարունգ: Այստեղ միակ և գլխավոր խնդիրը ջուրն է. նախարարի այցելության ժամանակ տարածքների ոռոգումն ընթացքի մեջ էր, և տնտեսավարողները գյուղոլորտի ղեկավարին խնդրեցին այս հարցում աջակցություն ցուցաբերել՝ նշելով, որ տնտեսվարման բնականոն ընթացքի պարագայում երկու շաբաթից բնակչությանը կմատակարարվի բարձրակարգ ձմերուկ: Աշոտ Բախշիյանը նշեց, որ ոչ միայն այդ հարցում. պետությունը միշտ էլ լինելու է իրենց կողքին՝ ձգտելով ցուցաբերել համակողմանի օժանդակություն: Այսուհետ, նշեց նախարարը, ոռոգման իրենց քաղաքականության մեջ բանջարաբոստանային կուլտուրաներին ջրով ապահովելը կդիտարկվի որպես առաջնահերթություն: Իսկ առայժմ, ոռոգման խնդրի կարգավորումից զատ, նախարարությունը հոգ կտանի նաև, որ տնտեսավարողների դաշտային կենցաղի պայմաններն ավելի բարելավվեն:
 Աշխատանքային օրվա վերջում նախարար Աշոտ Բախշիյանն այցելել է Խաչենի ջրամբար, որտեղ համապատասխան մասնագետների հետ իրականացրել է կուտակված ջրային պաշարների դիտարկում և քննարկել դրանց արդյունավետ օգտագործման ուղիները, այստեղից էլ՝ ԳԳԱՀ պահեստներ, որտեղ ընթանում է գարու մթերումը: :

Top