logo

27 տարի առաջ այս օրը զոհվեց մարտունեցի հերոս Սարիբեկ Մարտիրոսյանը

Սարիբեկ (Ռաջիկ) Գեորգիի Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. հունվարի 2-ին, Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1975¬77թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակվել է Մարտունի քաղաքում, սկզբում  աշխատել է մշակույթի տանը՝ որպես <<Երազ>> էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար և կենցաղսպասարկման կոմբինատում ձայնագրող։ Ակտիվորեն մասնակցել է Գյուլափլուի, Ամիրանլարի, Կուրոպատկինոյի, Վերին և Ներքին Վեյսալուների, Քարվաճառի, Ջեբրայիլի, Մարզիլուի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։ Ավագ լեյտենանտ Սարիբեկ Մարտիրոսյանը զոհվել է 1993թ. հունիսի 12-ին։ Հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի 5 երեխա։ 

1993թ. հունիսի 12-ին թշնամական լայնածավալ գրոհը հակագրոհով ետ շպրտելուց հետո Սարիբեկ Մարտիրոսյանը  վերադարնում է  իր  հրամանատարի մոտ, ով զինակիցների հետ Մարզիլի գյուղի կրակակետերը  վերացնելուց հետո ստուգում էր իրավիճակը և հետախուզական աշխատանքներ էր կատարում։ Նենգ թշնամու  հետևակի մարտական մեքենայից  արձակված արկի բեկորներից վիրավորվեցին մարտական ընկերները։ Ավոյի գլխի վերքը մահացու էր... Անհավասար մարտում Սարիբեկը մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանեց իր հրամանատարին... և ինքն արնաքամ եղավ։ Նա խախտեց կնոջը՝ Լիլյային տված եզակի և սրբազան  խոստումը. <<Վստահ եմ ու համոզված, որ թշնամու գնդակը ինձ երբե՛ք չի դիպչի>>։

Top