logo

Չհավատա՛ք, եթե ասեն, որ մահացել եմ. Լեոնիդ Ազգալդյան

 

 

Այսօր «Արցախի հերոս» Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է

 Լեոնիդը  ռազմական տեսակետից շատ հեռատես էր, առաջիններից  էր, ով հիմք դրեց կանոնավոր, «իսկական» բանակի, նա թուրքաթափեց Մարտակերտի շրջանում 23 գյուղ: Ասուլիսում Լենոիդ Ազգալդյանին այսպես ներկայացրեց նրա մարտական ընկեր Նորիկ Գալստյանը: «Ուրիշ որակի, էության մարդ էր, շատ զարգացած էր, բանիմաց էր: Երբ գնաց մարտի, համալսարանի աշխատող էր, ընկերասեր էր: Չէր սիրում կեղծիքը»,-շարունակեց իր «նկարագրությունը»:

 

«Լեոնիդ Ազգալդյանը առաջիններից մեկը հասկացավ, որ Արցախի հարցը լոկ մի բուռ Արցախի հարցը չէ, այլ հայկական դատի մի մասը, և նա կանգնեց Արցախի հողի վրա»,- նշեց նրա մարտական ընկերը, ապա հիշեց Ազգալդյանի խոսքերը. «Սա Հայաստան է և վերջ: Ոչ ոք այս հողը աճուրդի դնելու և ուրիշին հանձնելու իրավունք չունի»:

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր ու զինվոր, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ ասաց, որ Լ. Ազգալդյանի կերպարը շարունակելու է արարել իր նման մարդկանց:

«Ամենակարգապահ զինվորը, հրամանատարը: Ինքն իր նկատմամբ էր խիստ, պահանջում էր բոլորից լինել կարգապահ, գիտակացական կարգապահություն էր քարոզում: Բարոյական հանճար էր: Իրական ազգային մարդ էր, երբեք որևէ կուսակցության մեջ չմտավ»,- բնութագրեց նա: Գ. Գինոսյանը նշեց, որ դեռ 1988 թվականին երբ շատերը կարծում էին, որ Արցախը սկուտեղի վրա նվիրելու են մեզ, միայն Լ. Ազգալդյանն էր ասում, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու ու պետք է պատրաստվել:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Լեոնիդ Ազգալդյանն արժանացել  է

հետմահու  <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչմանը և <<Ոսկե արծիվ>> շքանշանի։

Top