logo

ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Արցախյան ազգային- ազատագրական պատերազմը հայ ժողովրդի պատմության նորագույն փառավոր էջերից է։ Հայ նվիրյալների համազգային պայքարի շնորհիվ մեր պատմական հայրենիքի մի մասի վրա վերականգնվեց պետականությունը։

Ժամանակի հրամայականով ծնվեցին հերոսներ, ովքեր մինչև արյան վերջին կաթիլը կռիվ տվին, հաղթեցին ու անմահացան։

Հենց այդպիսի հերոսներից մեկն էլ Ժիրայր Ազիզյանն է։ Ժիրայրը ծնվել է 1972 թվականի մայիսի 24-ին Մարտունի քաղաքում։ Սովորել և ավարտել է Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտի տարիներին ,որպես հետախույզ մասնակցել է Մարտակերտի, Մաճկալաշենի, Ղարադաղլուի, Ամիրանլարի, Կուրոպատկինոյի,Մարզիլուի, Վերին Վեյսալուի, Հադրութի և այլ բնակավայրերի ռազմական գործողություններին։ 1992-1994 թվականներին Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում որպես հետախուզական դասակի հրամանատար էր։ Զոհվել է 1994 թվականի հունվարի 26-ին Մարտունի քաղաքում:                                                        

-Վերջին ու ամենաթեժ մարտն էր, նա լինելով դասակի հրամանատար  իր զինվորներին հրամայեց մտնել խրամախորշ և ինքը միայնակ մինչև մահ կռվեց. պատմում է հերոսի անունը պատվով և հպարտությամբ կրող  Ժիրայրի զոհվելուց երկու տարի անց ծնված նրա եղբոր որդին ՝ Ժիրայր Ազիզյանը։

Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Ազիզյանը  հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› երկրորդ աստիճանի շքանշանով։ 

 

 

Top