logo

27 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ՄԱՐՏԱԿԵՐՏԸ

Քարվաճառի և Մարտակերտի ազատագրումները ղարաբաղյան պատերազմի թերևս ամենակարևոր և նշանակալի ձեռքբերմուներց էին, և սրանով կարծես թե բեկումնային փոփոխություն է տեղի ունենում ռազմաճակատում: Նախկինում տեղի ունեցած հիասթափությունների շարքից հետո արդեն կենսունակ և բաղձալի էր դարձել նշանակալի հաջողության գրանցումը. և այն իրեն երկար սպասեցնել չտվեց: 1993թ.-ի մարտի վերջին Քարվաճառի, իսկ այնուհետեև հունիսի վերջին Մարտակերտի ազատագրումով հայ քաջերը ստիպում են հակառակորդին հետ քաշվել: Քարվաճառի ազատագրումից հետո Մարտակերտի ազատագրումը, խուճապի ալիք բարձրացնելով ադրբեջանցիների մոտ, նպաստում է հետագա հաղթանակների կերտմանը:

Մարտակերտի ազատագրման ռազմական գործողությունը տեղի է ունեցել հունիսի 26-27–ին։ Քարվաճառի ռազմական գածողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը, ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ է լինում և ստեղծում Մարտակերտի ազատագրման ռազմական գործողության ծրագիրը։ Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավորում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավորվել է մի քանի ուղղություններով հարձակողական զործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ՊՇ-ներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, ՀՀ մի շարք կամավորական ջոկատներ։

Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևրության մի քանի բարձունքներ։ Մարտակերտի հարավարևելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ ՊԲ-ի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից։

Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և, հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը:

Մարտակերտի ազատագրումը Պաշտպանության բանակի նշանակալի հաջողություններից էր: Բարոյահոգեբանական առումով դա բարենպաստ ազդեցություն է ունենցավ շրջան վերադարձող խաղաղ հայ բնակչության, ավերված բնակավայրերի և տնտեսության վերականգնման վրա:

Անշուշտ, դա դեռ չեր որոշում պատերազմի ելքը, սակայն դրանից հետո հնարավորություն է ընձեռվում որոշակի հետևություններ անել ռազմարվեստի կատարելագործման և հետագա հաղթանակների կերտման գործում:

Top