logo
Blog single photo

ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

<<Պատերազմի տարիներին (дядь Жора) էինք ասում կամ էլ (град Жора): Մեզ համար բավականին մեծ պատիվ էր նման մարդու հետ ծանոթանալը և հպարտություն էր նրա ենթակայության տակ գտնվելը>>։

Ջալալ Հարությունյան

 

Ժորա Գասպարյան (Գրադ Ժորա)՝ Արցախի ՊԲ հրետանու պետ 1992-2008: Արցախյան գոյամարտի  ժամանակ թողնելով սրտաբուխ խոսքերով  ծրարը սեղանին վերադարձել է հայրենիք և իր  ակտիվ մասնակցությունն է ունեցել  Արցախյան պատերազմում։

Գասպարյան Ժորա Սահակի  

Գեորգի Գասպարյանը ծնվել է 1942 թ.-ին, Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում: 1966 թ.-ին ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը: 1966-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում: Գեորգի Գասպարյանը եղել է ռեակտիվ դիվիզիայի հրամանատար, ուսումնական կենտրոնի շտաբի պետ: 1991 թ.-ին զինվորագրվել է Զարդախաչի կամավորական ջոկատին, մասնակցել Զարդախաչի և Չափարի ինքնապաշտպանական մարտերին:

Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Կուբաթլուի, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Ջեբրայիլի, Հորադիզի, Զանգելանի, Մինջևանի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: Մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին` Արաքսից մինչև Օմարի լեռնանցք: 1999-2000 թթ. եղել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ հրետանու պետ: 2000-2002 թթ. դարձել է ՊԲ հրետանային ծառայության պետ: 1996 թ.-ին Գեորգի Գասպարյանը ստացել է ԼՂՀ ՊԲ-ի գեներալ-մայորի կոչում: Զինադադարի հաստատման գործում մեծ էր խորհրդային բանակում երկար ու պատվաբեր ուղի անցած հրետանավոր Գեորգի Գասպարյանի դերը:

Գեորգի Գասպարյանը` «Գրադ Ժորան ղեկավարում էր համազարկային կրակի ռեակտիվ հրետանու գործողությունները, մարտական ընկերները պատմում են, որ ժամը 2:30-ին կրակի հրաման տվեց, երեք արկ արձակվեց բերդաքաղաքի ստորին հատվածի վրա, դիտակետից հաղորդվեց «Լավ է», և վայրկյանների ընթացքում 17 հրթիռ արձակվեց նույն ուղղությամբ: Այնուհետեւ նմանատիպ կրակ բացվեց քաղաքի վերին մասի վրա: Այլ ուղղությամբ հարձակման տպավորություն ստեղծելու նպատակով, ավելի քան մեկ ժամ ականանետային կրակ էր վարվում Ջանհասանի վրա: Երեք 120մմ և հինգ 82մմ ականանետների ստորաբաժանումը ղեկավարում էր Մամիկոն Միրզաբեկյանը:

Պաշտպանության բանակի գնդապետ Վալերի Կարապետյանը պատմում է՝    -«Գրադի» առաջին համազարկը տրվեց հրկիզող 40 հրթիռներով, որոնք հրդեհի օջախներ առաջացրին Շուշիում` խուճապի մատնելով այնտեղ գտնվողներին: 40 հրթիռ արձակած առաջին մեքենան պետք է վերալիցքավորվեր: Եվ ընդամենը 7 րոպեում այն վերալիցքավորվեց իմ, Սերգեյ Վարդանյանի, Սևակ Ֆարսյանի, Շուրա Ավագյանի, Սամվել Աբրահամյանի և մյուս մարտիկների համատեղ ջանքերով (մեկ հրթիռը կշռում է 67 կիլոգրամ): Մեր կրակելուց անմիջապես հետո մեր ուղղությամբ արձակվեց թշնամու միակ հրթիռը, որը որևէ վնաս չտվեց, բայց Գեորգի Գասպարյանը մեր կյանքը չվտանգելու նպատակով անմիջապես հրամայեց տեղափոխվել պահեստային կրակային դիրք, ու երբ արդեն տեղակայվել էինք պահեստային դիրքում, թշնամին «Գրադ»-ի 20 հրթիռ արձակեց մեր նախկին դիրքի ուղղությամբ: Մեքենայի լույսերը մարած՝ մեկնեցինք Խնածախ գյուղի շրջակայք: Մեկնելուց մեկ ժամ անց Սերգեյ Հարությունյանի կայանքն էլ բերվեց, և սկսեցինք կրակով օգնել գրոհողներին: Սերգեյը իրեն դրսևորեց որպես խելացի և հմուտ հրամանատար: Չնայած զինամթերքի սակավությանը` Գեորգի Գասպարյանը կարգադրեց Աղդամի վրա 40 հրթիռ արձակել, որպեսզի ադրբեջանցիները շեղող հարձակում ձեռնարկելու հնարավորություն չունենան: Երբ Կապուտանից կրակելուց հետո կայանքը տեղափոխվել էր Խնածախ, թշնամու երեք ՄԻ-24 ուղղաթիռներ հրթիռային հարված հասցրին մեր նախկին կրակային դիրքին և հրամանատարական դիտակետի մերձակայքին: Շուտով Սեյրան Օհանյանը հրետանավոր պահանջեց` ռազմավար վերցված ԿՍ-19 հրանոթը գրոհի ուղղությամբ կիրառելու համար: Մինչ որոշեցինք, որ ես գնամ, կապվեցին ու ասացին, որ տղաներն արդեն «առաջ ենք շարժվել»: Ծավալուն գործողություն էր, և դժվար էր ամեն ինչ նախատեսել ու պլանավորել:

Մեր հրետանային նախապատրաստությունը կատարյալ անակնկալ էր ադրբեջանցիների համար: Թշնամին հիմնականում կրակում էր բանտի մերձակայքից, որին Քարինտակի կողմից խփում էինք ԿՍ-19 հրանոթով: Շուշիի վրա ընդհանուր առմամբ արձակվել է ԲՄ-ի մոտ 240 հրթիռ: Վերջին հրթիռները Ջանհասան-Քոսալար գյուղերի ուղղության հրամանատար Սեյրան Օհանյանի պահանջով կրակեցինք Շուշիից Լաչին տանող ճանապարհին գտնվող էլեկտրակայանի մոտ կուտակված հակառակորդի ուժերի վրա:

Բերդաքաղաքը հանձնելիս թշնամու տանկերն ու հրետանին հասցրել էին հեռանալ, և ռազմավար մնաց ընդամենը վեց հրետանային կայանք: Ս.Ղազանչեցոց եկեղեցում «Գրադի» 640 հրթիռներ էին մնացել` իրենց արգելակային շրջանակներով և պայթուցիչներով, ևս 200-ը` գիշերօթիկ ու երաժշտական դպրոցներում, 150 արկղ 82մմ և 20 արկղ 120մմ ականանետների արկեր կային Ջանհասանում ու Քոսալարում… Շուշիից մի քանի հազար հրթիռ ու արկ հանեցինք: Ժողովուրդը տոնում էր հաղթանակն ու փրկությունը, իսկ մենք բեռնատարներով օր ու գիշեր հրթիռներ էինք տեղափոխում, պահեստավորում, սպասարկում: Մենք մինչ այդ երբեք այդքան արկեր ու հրթիռներ չէինք տեսել»։

Գեորգի Գասպարյանը պարգևատրվել է՝           «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճան»-ի, ՀՀ «Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի և «Ոսկե Արծիվ» շքանշաններով:

 

Top