logo
Blog single photo

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՎԵՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

 Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու լեգենդար 116 մարտական դիրքը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ չորս զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ «Վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանի և կրտսեր սերժանտ Քյարամ Սլոյանի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից Անդրանիկ Զոհրաբյանի հետ շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը թեժ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, երկուսն էլ վիրավոր էին: Զոհրաբյանն արյունահոսությունից մահացել է: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու մինչ վերջին շունչն ու վերջին նռնակը շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով, թե ինչ է կատարվում դիրքում: Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի», – Artsakhnews-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում  պատմել է գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը:

Գումարտակի հրամանատար Նվեր Ներսիսյանի և Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի վերջին հեռխոսազրույցից մի հատված.«Հրամանատարը մեքենայով մեկնել է յուր զինվորներին փրկելու: Թշնամին թիրախավորել էր նաև հրմանատարի մեքենան: Ամբողջ ճանապարհին աջ ու ձախ արկեր էին թափվում: Մեքենան այս ու այն կողմ շրջվելով հասնում էր մարտական դիրքը… Գումարտակի հրամանատարը մինչև վերջին վայրկյանը կապի մեջ էր Ռոբերտ Աբաջյանի հետ»:

Նվեր Ներսիսյանը պատմում է.«Ռոբերտն ամեն րոպե զեկուցում էր իրավիճակն ու կատարում իր տված հրահանգները և հանկարծ տխուր ձայն, լաց… –«Վիրավոր ախպերս՝ Անդոն արյունահոսությունից մահացավ գրկումս, աչքերն եմ փակում..»:

 Ու մինչ հրամանատարը կհասներ Աբաջյանը զեկուցում է, որ թշնամին իրեն է մոտենում, սակայն ձեռքին միայն մեկ նռնակ է մնացել: Հրամանատարը զինվորին հրամայում է նահանջել, Ռոբն ասում է` հենց մոտենան ինձ` պայթեցնում եմ նռնակը, հրամանատարը գոռում է «ո~չչչչչ» և նույն պահին պայթում է նռնակը.․.»:

Top