logo

Blog single photo

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է

Համընդհանուր բարեկեցության հասնելու միակ ճանապարհը տնտեսական զարգացումն է, բայց այն չի սահմանափակվում միայն տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմամբ, այն իրենից ներկայացնում է կառավարման համակարգում կարևորագույն բարեփոխումների և համաժողովրդական արժեհամակարգային կարծրատիպերի համապարփակ փոփոխությունների ամբողջական գործընթաց։ Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել 3 փոխպայմանավորված գործոններ`
1.կրթական համակարգի բարեփոխումներ,
2.կոռուպցիայի դեմ պայքար,
3.կադրային արդյունավետ քաղաքականություն։
 Կրթության ոլորտում առաջին հերթին կարևոր է դպրոցներում աշակերտների ճիշտ ուղղորդման հիմնախնդրը։ Մարդն ի բնե օժտված է տարբեր մտավոր ունակություններով, տաղանդներով, որոնց զարգացման արդյունքում ձևավորում է մասնագետը, իսկ դպրոցի դերը համարում եմ հենց այդ ունակությունների զարգացումը և ճիշտ կողմնորոշումը հատկապես ութամյա կրթությունից հետո` մասնագիտական ուղղվածության հարցում։ Բայց այսօր այդ մասնագիտական կողմնորոշումը կատարվում է ոչ թե մտավոր ունակությունների և բնածին տաղանդների, այլ ծնողների ցանկությունների և մասնագիտությունների հանդեպ ընդունված թյուրընբռնումների ազդեցությամբ։ Այս մոտեցումը անմիջական ազդեցություն է թողնում կրթության որակի վրա։ Այն նաև իր բացասական ազդեցությունն է թողնում պահանջարկ ունեցող արհեստների վրա։ Մեր քաղաքացիտերը պետք է գիտակցեն, որ մեր երեխաներին պետք է ուղղորդենք ոչ թե սեփական ցանկությունների, այլ ունեցած պոտենցյալի նկատառումներով։ Շատ կարևոր է նաև պետական քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի մասնագիտությունների հանդեպ ունեցած պահանջարկի վրա։ Միանշանակ ողջունելի է կառավարության կողմից ներկայացված ծրագիրը, որի արդյունքում ունենալու ենք անվճար կրթություն ստանալու հնարավորություն, որը իհարկե սոցիալական շատ կարևոր ծրագիր լինելուց բացի նաև զգալիորեն բարելավելու է որակական չափանիշները։
Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է առաջին հերթին համաժողովրդական արժեհամակարգային կարծրատիպերի փոփոխությունների ամբողջական գործընթաց։ Այսօր բոլորը բողոքում են կոռուպցիայից և խոսում դրա դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, բայց արդյո՞ք բոլորն են պատրաստ չշրջանցել օրենքի արգելքը սեփական շահերի բավարարման համար, չդիմել խծբ-ի օգնությանը հարկ եղած դեպքում։ Եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, շատերը կհասկանան, որ պատրաստ չեն, դրա պատճառները շատ խորն են, իսկ դրա հիմքերը գալիս են Սովետական Միությունից։ Մենք դեռևս ապրում ենք սովետական քաղաքական մշակույթի տարրերը կրողների հետ, իսկ այդ տարրերը ցավոք սրտի որոշ չափով փոխանցվում են նոր սերնդին անուղղակի դաստիարակության միջոցով։ Խնդրի լուծումը հասարակության իրավական գիտակցության մակարդակի բարձրացումն է, որը կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում, էվոլուցիոն տարբերակով։ Բայց իհարկե, կարևոր է նաև պետության դերը, քաղաքացիների իրավագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, համապատասխան մեխանիզմների ներդրումը և դրանց արդյունավետ գործունեության, պատկան մարմինների փաստացի անկախության ապահովումը և այլն։
Այս առումով հատկանշական է Արցախում ձևավորված լեգիտիմ իշխանության և իհարկե նրա բացառիկ ներկայացուցչի` նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից որդեգրված անզիջում քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա առաջին հերթին պետք է նշել, որ այն անմիջականորեն կապված է նախորդ երկու գործոնների հետ։ Որակյալ կրթության ապահովման շնորհիվ կարող է ձևավորվել որակյալ մասնագետ և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման արդյունքում այդ մասնագետը կարող է ընտրվել որպես կադր։ Բայց միայն մասնագիտական ունակությունները չէ, որ պետք է որոշիչ լինեն որպես որակյալ կադրի չափանիշ, այստեղ մեծ կարևորություն ունի նաև մասնագետի բարոյական կերպարը, մարդկանց հետ հարաբերվելու նրա ունակությունը, ինչպես նաև նրա ոչ մասնագիտական այնպիսի հատկությունները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ նրա օգգ-ի վրա։
Առաջադրած այս երեք փոխպայմանավորված հիմնական գործոնների, տնտեսական ծրագրերի և արդյունավետ կառավարման շնորհիվ կարող ենք ապահովել տնտեսական զարգացում և համաժողովրդական բարեկեցություն։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյան

Top