logo
Blog single photo

Շնորհավոր տոնդ հերոսական Մարտունի

Այսօր` օգոստոսի 17-ին, մարտունեցիները մեծ շուքով նշում են Մարտունի քաղաքի վերածննդի տարեդարձը:
1992թ. օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը ճակատագրական եղավ մարտունեցու համար։ Թշնամին շրջանի սահմանի ողջ երկայնքով, ձեռքի տակ ունեցած զենքի բոլոր տեսակներով, վերջին ճիգերի լարումով փորձում էր գրավել Մարտունի քաղաքը։ Մեր ժողովուրդը կենաց-մահու կռվում նորից ապացուցեց իր հավերժական լինելը։ Թշնամին նորից ջախջախիչ պատասխան ստացավ ու հետ քաշվեց։ 
Այս հաղթանակը ճակատագրական եղավ Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ՝  հիմք հանդիսանալով նոր հաղթանակների։ Օրն այդ նշանավորվեց իբրև Վերածննդի օր,  Մարտունի քաղաքի օր, որպես մարտունեցու անպարտելիության, հաղթական ոգու և արիության դրսևորման օր։
 1925-ին, ի հիշատակ պետական, կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի, Խոնաշենը վերանվանվեց Մարտունի։ Քաղաքն իր կենսագրությամբ խորհրդանիշ է անպարտելիության, մաքառման, ազնվության, հյուրասիրության, քաջության։ Հայրենական մեծ պատերազմին այն ներկայացել է իր 309 ռազմիկներով, որոնցից 80-ը հերոսաբար զոհվել են։ Խորհրդային իշխանության տարիներին աշխատասեր և ժրաջան մարտունեցին օրնիբուն աշխատել և շենացրել է սիրելի քաղաքը, կառուցել մշակույթի պալատ,  երաժշտական և հանրակրթական դպրոցներ, բազմաբնակարան շենքեր, փոքրիկ գործարաններ, ասֆալտապատ ճանապարհներ ու փողոցներ, պուրակներ, մանկապարտեզներ։ Այդ ամենի արդյունքում բնակավայրը 1985թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։
1988թ. փետրվարի 12-ին ազատատենչ մարտունեցին, համայն հայության հետ մեկ բռունցք դարձած, նախնյաց դարավոր երազանքով ոտքի ելավ թոթափելու օտարի լուծը։ Ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնց նպատակը խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն էր։ Հաջորդեցին ռազմագործողությունները, որոնք մարդկային և նյութական զգալի կորուստներ բերեցին։ Ինքնապաշտպանական ջոկատների շարքերը համալրելու եկան նաև Սփյուռքից և Մայր Հայաստանից՝ Մոնթե Մելքոնյանը, Հմայակ Հարոյանը, Վարդան Ավետիսյանը, Անկախության բանակի տղաները՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ և ուրիշ շատ ու շատ պանծալի հայորդիներ։ 
Դժբախտաբար, Արցախյան գոյամարտում տարած հաղթանակն առանց կորուստների չեղավ։ Այսօրվա խաղաղության հաստատման համար իրենց կյանքն են զոհաբերել քաղաքի ավելի քան 150 երիտասարդներ, 40 խաղաղ բնակիչ։ 
Այսօր Մարտունին մոտ 6000 բնակիչ ունեցող մի փոքրիկ քաղաք է, որը հետպատերազմյան տարիներին կարողացավ հաջողություններ ապահովել համարյա բոլոր ենթակառուցվածքներում։ Քաղաքում գործում են հանրակրթական, արհեստագործական, երաժշտական, մարզական դպրոցներ։ Այսօր Մարտունում կառուցվում են բազմաբնակարան շենքեր, որոնք, բացի նրանից որ ուղղված են բնակարանային հարցերի լուծմանը, ունեն նաև քաղաքի համար կարևոր քաղաքաշինական նշանակություն։

 

ԱՀ Մարտունի քաղաքի քաղաքապետարան

Top