logo

Արցախյան էկոլոգիապես մաքուր մեղրն ամեն օր նոր շուկաներ է նվաճում

Այսօր մեր զրուցակիցն է «Հաթերք Ֆուդ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր տնօրեն,  «Էկոտուրիզմն Արցախում» սոցիալ-մշակութային, բարեգործական, հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Միրզախանյանը


«Պապիկս մեղվաբույծ է , 5 տարեկանից սկսեցի պապիկիս օգնել և նա  ինձ որպես խրախուսանք աշխատավարձ  էր տալիս։ Այո՛ հենց պապիկս է ի՛նձ սովորեցրել վաղ տարիքից գումար վաստակել։ Նա ասում էր՝ գումար վաստակելու համար եռանդով աշխատել է պետք , իսկ վաստակած գումարն անհրաժեշտ է՝  ճիշտ, նպատակային և արդյունավետ օգտագործել»։ 
Սամվել Միրզախանյանի պապիկն արդեն երեք տարի է անկողնային հիվանդ է. և Սամվելը դարձավ իր անչափ սիրելի պապիկի սիրելի գործի շարունակողը։
«Մեղվաբուծությունը հոբբի է ինձ համար, նախասիրություն և 
այս դժվարին կյանքում ինչո՛ւ չէ նաև մեղվաբուծությունն ինձ համար  գումար վաստակելու ևս մեկ եկամտաբեր միջոց է» ասաց  Սամվել Միրզախանյանն և իր  ասածին որպես  հավելում , սկսեց խոսել  գյուղատնտեսության այս ճյուղի օգտակարության,  կարևորության ու նշանակության մասին.
Մեղվաբուծությունը կա՛մ մեղվապահությունը, գյուղատնտեսության ճյուղ է, որը զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ՝ մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մայրակաթ, ծաղկափոշի,  և այլն ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումն ապահովելու համար։ Մեղվաբուծությունը գյուղատնտեսության այն ճյուղերից է, որը գումարային ներդրումից բացի, պահանջում է նաև անհրաժեշտ գիտելիքներ և պրակտիկ  աշխատանք,  այս մասին Artsakhnews-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասաց      «Հաթերք ֆուդ» ընկերության   նախաձեռնող Սամվել Միրզախանյանը։ Ըստ երիտասարդ գործարարի մեղվաբուծությունը մի կողմից  աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից՝ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի  բերքատվությունն ու սերմնակալումը: 
  «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր Սամվել Միրզախանյանի խոսքով  մղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը, ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց:
Միրզախանյանն ասաց, որ «Հաթերք ֆուդ» սոցիալական ձեռնարկատիրությունն Արցախում և Հայաստանում կազմակերպվող ամենամյա փառատոներին մասնակցում է սեփական արտադրանքով։  Խոսելով մեղրամոմի օգտակարության մասին մեր զրուցակիցն ասաց, որ մեղրամոմն օգտագործվում է արդյունաբերության 40 ճյուղերում (ռազմական, կաշեգործության, տպագրության, էլեկտրաարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, զանազան մոդելների պատրաստման ասպարեզում և այլն): Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ: Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է: Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ, իսկ վերջերս սկսել են ստանալ ակնամոմի սպիրտային լուծույթ: Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է, որը մեղուները հավաքում են ծաղիկներից: Ծաղկափոշին կարելի է օգտագործել որպես համեղ սննդամթերք: Այն հարուստ է սպիտակուցային նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար: Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ: 
Մեղվաբուծությունը հայոց  լեռնաշխարհում  որպես գյուղատնտեսության ճյուղերից մեկը զարգացել է անհիշելի ժամանակներից և ներկայումս դժվար է բացատրել նրանց ծագումն ու արմատը: Հայ ժողովուրդն երբեք  անտարբեր չի եղել հրաշագործ մեղվի քաղցր արտադրանքի նկատմամբ: Մեղրը որպես թանկարժեք սննդամթերք և բուժման միջոց հայ ժողովրդի լայն խավերին ծանոթ է եղել դեռ շատ վաղուց: Հայերի մոտ մեղրը  համարվել է  հյուրասիրության լավագույն միջոցներից մեկը: Հնուց ի վեր Արցախում և Հայաստանում մեղրը ծառայել  է նաև որպես բուժիչ միջոց, և այն պահպանվել է մինչև մեր օրերը: Սրտի արատ ունեցողներին, սրտի աշխատանքը կարգավորելու համար, խորհուրդ էին տալիս օգտագործել սպիտակ մեղրահացով մեղր` փայտածուխի հետ խառնած: Արյան պակասությամբ, սրտի թուլությամբ, ջղայնությամբ կամ ուժեղ գլխապտույտով տառապող հիվանդներին առաջարկում էին ամեն առավոտ քաղցած վիճակում խմեցնել մեկ բաժակ մեղրի, հալած յուղի և կաթի խառնուրդ: Աչքացավով տառապող հիվանդներին առաջարկում էին ցավող աչքերին քսել մեղր: Մաքուր սպիտակ մեղրամոմից ու կարագի խառնուրդից պատրաստում էին հատուկ քսուքներ, և դրանք օգտագործում էին այրվածքների և տարբեր վերքերի բուժման համար:
Մեղվի նորմալ ընտանիքը բաղկացած է երեք տեսակ անդամներից (անհատներից), որոնք տարբերվում են իրենց կատարած աշխատանքով, կազմությամբ, մեծությամբ, գույնով ու մի շարք այլ հատկանիշներով: Նորմալ ընտանիքը ունի մեկ մայր, որը փեթակում կատարում է բազմացման ֆունկցիա: Սամվելն ասում է, որ մեծ հետաքրքրությամբ է հետևում մեղուների  աշխատանքային պրոցեսներին։ -«Ընտանիքի մյուս հիմնական անդամը աշխատավոր մեղուն է (էգը), որի քանակը ամառվա ընթացքում կարող է հասնել մինչև 80 հազարի, երբեմն էլ` ավելի: Աշխատավոր մեղուները ունեն չզարգացած սեռական օրգաններ և զուրկ են բոռի հետ զուգավորվելու ընդունակությունից: Նրանք ընտանիքում կատարում են բոլոր տեսակի աշխատանքները: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղվի քանակն աստիճանաբար պակասում է: Լեռնային շրջաններում աշնանը յուրաքանչյուր ընտանիքում մնում է շուրջ 15-20 հազար, իսկ դաշտային շրջաններում մոտ 12-15 հազար մեղու: Մեղվի ընտանիքում գարնան երկրորդ կեսից մինչև ամառվա երկրորդ կեսը առաջանում են բոռեր (արու), որոնց քանակը կարող է հասնել 11 հազարի: 

Մեղվից ստացված ամենաարժեքավոր մթերքը մայրակաթն է, որը հատուկ գիտելիքներ, տեխնոլոգիա և պայմաններ է պահանջում։  
   Մեր զրուցակիցը նշեց, որ մայրակաթի ստացման հիմնական պատճառը պապիկին լիարժեք բուժելն էր, որպեսզի նա կարողանար կրկին քայլեր։ Ի ուրախություն բոլորին ասենք, որ շնորհիվ  հրաշագործ մայրակաթի այսօր Սամվելի պապիկը դարձյալ քայլում է։ Ի դեպ Արցախում էկոլոգիապես մաքուր այս հրաշք (դեղը) ստանում է միայն սկսնակ մեղվաբույծ Սամվել Միրզախանյանը և հարկ է նշել, որ այս հրաշագործ (դեղը) կարճ ժամանակահատվածում դարձավ ժողովրդի համար նախընտրելի բուժիչ միջոց։ Մեղվակաթը նաև սեզոնային գրիպի, համաճարակային հիվանդությունների ժամանակ իմունային համակարգը բարձրացնող  կանխարգելիչ միջոց է համարվում։
Միրզախանյանը մեզ պատմեց նաև մեղվակաթի արտադրության պրոցեսների, օգտակարության և կենսական անհրաժեշտության մասին. ըստ գործարարի մեղվակաթն աշխատավոր մեղուների վերծնոտային և ըմպանային գեղձերի արտազատուկն է, որով մեղուները լցնում են մեղրահացի մայրաբջիջները (մեկ մայրաբջջում՝ 0,2 — 0,5 գ)։ Մեղվակաթի արտադրման համար, բացի մեղրից, մեղուներին անհրաժեշտ է նաև ծաղկափոշի։ Մայրացու մեղվի թրթուրը մեղվակաթ է ստանում 5 օր անընդմեջ, իսկ աշխատավոր մեղվինը՝ 2,5 օր (ցածր որակի մեղվակաթ)։ Մեղվակաթը պարունակում է (չոր նյութի հաշվով) սպիտակուց 40—50%, ճարպ 5—18%, շաքար մոտ 26%, ինչպես նաե վիտամիններ, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր։ Մեղվակաթից ստանում են ապիլակ պատրաստուկը, որը կիրառվում է բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Ընտանի մեղրը փեթակներում է 

արտադրվում, իսկ ահա վայրի մեղրն արտադրվում է առանց փեթակների: Վայրի մեղրը հարուստ է հանքանյութերով, վիտամիններով և ամինաթթուներով, ունի դեղորայքային և բուժիչ հատկություններ»:
 -«Այս ամառ Արցախի լեռնային շրջաններում մեր թիմով վայրի մեղր հայթայթեցինք։ Մեր շրջագայությունները լի էր հետաքրքրություններով և բացահայտումներով։ Մի քանի օր Նոր Շահումյանի անտառներում անցկացրինք։

Վայրի մեղրը փչակից  հանելու գործընացը բավական նուրբ աշխատանք է պահանջում, որպեսզի  ծառը շատ չվնասելով մեղրն ու մեղուներին անվնաս հանենք փչակից։

Վայրի մեղր հայթայթելու մեր առաջին քայլերը գոհացուցիչ էր մեզ համար և այն հիրավի շարունակական է լինելու»,- ասաց երիտասարդ գործարարը։

Top