Այսօր «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր -նախագահ, հասարակական գործիչ, գրող, Արցախյան շարժման, ազգային- ազատագրական պայքարի ակտիվ մասնակից Գալյա Առստամյանի ծննդյան օրն է. Նա կդառնար 81 տարեկան։
Գալյա Առստամյանը ծնվել է 1939թ. սեպտեմբերի 23-ի Ասկերանի շրջանի Խնձիրստան գյուղում։ 1957 թվականին ընդունվել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին աշխատել է Ղարմետաքսկոմբինատի գործվածքային արտադրամասում որպես ջուլհակուհի։ 1992 թվականի նոյեմբերի 19-ին Արցախյան պատերազմում կրտսեր որդու՝ Գրիգորի Առուստամյանի զոհվելուց հետո տիկին Գալյան վճռականորեն որոշում է հիմնադրել մի կառույց, որը կդառնա զոհված ազատամարտիկների հարազատների և բանակ-հասարակություն կապող օղակ։ Գալյա Առուստամյանն անգնահատելի ներդրում է ունեցել ԼՂՀ զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու , բանակ-հասարակություն կապի ամրապնդման և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։ 1994 թվականից նա սկսեց ղեկավարել իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած <<Զոհված ազատամարտիկների հարազատների միությունը և զոհված ազատամարտիկների հուշ-թանգարանը>>։ Գալյա Առստամյանն անմնացորդ նվիրված էր իր սուրբ սակայն այդչափ դժվարին աշխատաքին։ Նրա համար բոլոր նահատակներն իր երեխաներն էին։ Գալյա Առուստամյանի հեղինակային գրքերից են՝ <<Սպասում>> հուշագիրը, գրքում նկարագրված է Արցախյան շարժման ընթացքը, սույն գիրքը 1995 թվականին արժանացել է Եղիշեի անվան մրցանակի։ Նա հեղինակել է նաև ՝ <<Իմ սերը ձեզ հետ է ողջեր և նահատակներ>>, <<Ստեփանակերտ, փառքի հուշամատյան>>, <<Իմ պատիվ, իմ ցավ՝ Ղարմետաքսկոմբինատ>> թանգարանային ուղեցույցները։ Գալյա Առստամյանն անձնուրաց աշխատանքի համար բազմիցս պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով։