logo

Նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

 

 

Վաղ առավոտյան ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների գունազարդ հանդերձանքը ավետեց տոնի խորհուրդը: Ակնհաճո տեսարանները միանգամից դրական լիցքեր հաղորդեցին ստեփանակերտցիներին. նույնիսկ համավարակի և սահմանափակումների պայմաններում տրամադրություն բարձրացնելու օրիգինալ տարբերակներ գտնվում են: Հանրապետության բարձրագույն իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ, ծաղիկներ խոնարհեցին Ստեփան Շահումյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ականավոր հայ հասարակական գործչի հիշատակին, ում պատվին 97 տարի առաջ անվանակոչվեց մեր քաղաքամայրը: Գրեթե ողջ օրը Ստեփանակերտի Օղակաձև պուրակում անցորդներին ողջունում էր Փողային նվագախումբը՝ կատարելով բոլորիս կողմից սիրված մեղեդիներ: Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգահանի ծննդյան տարեդարձին ու Ստեփանակերտի օրվան: Ստեփանակերտի N1 հիմն. դպրոցի դաշտում տեղի ունեցան մինի ֆուտբոլի և դարսի մրցույթներ: Մրցանակակիրներին պարգևատրեց Դավիթ Սարգյանը: Թեթև ատլետիկայի մրցույթ կազմակերպվեց քաղաքի կենտրոնական մարզադաշտում: Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ավանդական մրցաշարը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետը: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները օրվա երկրորդ կեսին անակնկալ այց են կատարել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, շնորհավորել ծննդկաններին ու օրվա նորածիններին: Նաև եղել են այսօր կայացած հարսանյաց հանդեսներին ու օրը յուրովի հիշարժան դարձրել նորապսակների համար: Քաղաքային իշխանությունները ափսոսանք են ապրում, որ թույլատրելի չէին ավելի հանդիսավոր ու մարդաշատ միջոցառումները՝ թագավարակի պատճառով: Խոստանում են՝ հաջորդ տարի ավելի մեծ շուքով է նշվելու տոնը, միայն թե համաճարակի վտանգը չեզոքացվի: Իսկ այդ երանելի ապագային հասնելու համար անհրաժեշտ են յուրաքանչյուրի զգոնությունն ու բոլորիս կողմից սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը... Առողջ եղեք և նորից՝ շնորհավո՜ր մեր սրտի քաղաքի տոնը:

Top