logo

Blog single photo

Տեղի ունեցող հետպատերազմյան քաղաքական գործընթացները բխում են ՀՀ պետական անվտանգության անհրաժեշտությունից

Հակամարտությունների կարգավորման համաշխարհային պրակտիկան վկայում է, որ դրանց վերջնական, կամ մասնակի կարգավորումից հետո հակամարտող կողմ հանդիսացող երկրներից առնվազն մեկում, հիմնականում համեմատաբար ավելի տուժած երկրում հաջորդում է ներքաղաքական զարգացումների մի ամբողջական գործընթաց և որքան շոշափելի են բացասական արդյունքները, ըստ երևույթին այդքան ավելի բուռն է գործընթացների էությունը։ Այս համատեքստում իհարկե բնական է այն ամենը ինչին ականատես ենք լինում այսօր ՀՀ-ում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորում ասվածը շատ հարաբերական նշանակություն ունի և տեղի ունեցածից հետո հարցականի տակ է ոչ միայն արցախահայության, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, տվյալ դեպքում գործող իշխանությունը կորցնում է իր լեգիտիմության աղբյուրը` ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Հաշվի առնելով նաև Ադրբեջանում ամենաբարձր` նախագահի մակարդակով պարբերաբար հնչեցվող թեզիսները, որոնցում ադրբեջանական են հռչակվում ոչ միայն ամբողջ Արցախը, այլ նաև Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, ապա գործող, արդեն ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականը դառնում է համաժողովրդական պահանջ, քանի որ վտանգված է Հայոց պետականության գոյությունը։ Հասկանալի է, որ գործող իշխանությունը և անձամբ վարչապետը հասկանալով տեղի ունեցածի մեջ իր պատասխանատվության չափը և վախենալով հանրային պահանջով նոր իշխանության կողմից պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը` օգտագործելով իշխանական լծակները ամեն կերպ փորձում է վայր չդնել իր լիազորությունները։ Ինչ վերաբերում է հրաժարական պահանջող ցուցարարներին, ապա չի կարելի զուտ քաղաքական հնչերանգ տալ նրանց պահանջին, չնայած այն հանգամանքին որ խաղաղ ցույցերն ու երթերը կազմակերպվում և իրականացվում են քաղաքական ընդդիմության առաջնորդների կողմից, այնուամենայնիվ ցուցարարներից շատերը քաղաքականապես մոտիվացված չեն։ Հրաժարականի պահանջին են միացել պաշտոնաթող բոլոր նախագահները, հոգևորականները` կաթողիկոսի գլխավորությամբ, սա ևս վկայում է այդ պահանջի ապաքաղաքական լինելու մասին, իսկ ընդհանուր առմամբ զանգվածային գործադուլներն ու ներքաղաքական ճգնաժամը մոնումենտալ ազդեցություն են ունենում կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առանց այդ էլ տուժած տնտեսության վրա, իհարկե բացասական առումով։ Ստեղծված իրավիճակում ամենառացիոնալ տարբերակը նոր լեգիտիմ իշխանության ձևավորումն է, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այն, պետք է հասկանանք, որ Վազգեն Մանուկյանը ընդհամենը տրանզիտ դեր է ունենալու։
Հաշվի առնելով հանրային ծայրահեղ հակադիր տրամադրությունները, «հների և նորերի» բաժանումն ու փոխադարձ ատելության մթնոլորտը` նոր ձևավորվող իշխանությունը պետք է ընդունելի լինի հնարավորինս բոլոր կողմերի համար։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի Դաշնության անմիջական ազդեցությունը` նոր իշխանության ներկայացուցիչը պետք է ընդունելի լինի և ունենա բարիդրացիական հարաբերություններ վերջինիս հետ։ Հաշվի առնելով պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունն ու հանրության շրջանում առկա բազմաբնույթ սոցիալական խնդիրները`  նոր իշխանության ներկայացուցիչը պետք է ունենա տնտեսագիտական հմտություններ։ 
Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ապա Արցախում տեղի ունեցածից հետո կարծես թե փոխվել է ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ հարաբերությունների տրամաբանությունը և քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք միտված են արդյունավետ համագործակցությանն ու ստեղծված իրավիճակի հաղթահարմանը։ Դե յուրե և դե ֆակտո հնարավորություն չկա Արցախում նոր ընտրությունների կազմակերպման համար, քանի որ Սահմանադրության համաձայն նախագահը չի կարող հրաժարական տալ մինչև պաշտոնավարման մեկ տարին, իսկ նոր ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ԿԸՀ-ն պատրաստ չէ, մեծ թվով քաղաքացիներ արդեն փոխել են իրենց բնակության վայրերն ու հասցեները, շատ-շատերը բացակայում են հանրապետությունից և նմանատիպ շատ հարցեր կան, որոնք դե ֆակտո անհնարին են դարձնում ընտրական պրոցեսի կազմակերպումը։ Նախագահը հայտարարել է, որ հնարավորության դեպքում պատրաստվում է հրաժարական տալ, չնայած Արցախում գործող իշխանության հրաժարականի զանգվածային պահանջ չկա։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյան

Top