logo

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ

 

Հայրենիքն է շնորհում մարդուն հպարտանքներից ամենաարդարը, ցավերից ամենախորը, պաշտամունքներից ամենաանխառը և մահերից ամենասուրբը։

Գարեգին Նժդեհ

 

Արսեն Կարենի Հարությունյանը ծնվել է 23.01.1983թ., մայրաքաղաք Ստեփանակերտում, ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը։
2001-2003թթ.ծառայել է ԱՀ ԶՈւ շարքերում։
2003թ.հուլիսի  24-ից   ծառայության է անցել ԱՀ ոստիկանության քննչական մեկուսարանում և ընդունվել ԱրՊՀ հեռակա ուսուցմամբ  "Նախազորակոչային և ֆիզպատրաստություն,, մասնագիտությամբ, որն էլ ավարտել է 2008թվականին՝ ստանալով նախազորակոչային պատրաստություն և ֆիզդաստ. ուսուցչի որակավորում։
2018թ.հուլիսի 31-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ  քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի թիվ 2 վաշտի հրամանատար։
Ուներ ոստիկանության կապիտանի կոչում։
Նվիրված էր իր գործին անմնացորդ բարձր պահելով ոստիկանի պատրաստակամությունը հասարակությանը ծառայելուն։ Լավագույների մեջ առավելագույնն էր թե՛ իր մարդկային արժանիքներով, թե՛ իր մասնագիտական պատրաստակամությամբ։ Ընկերասեր էր, կարգապահ, ճշտախոս ու բարյացակամ, որի համար էլ խրախուսվել է բազմիցս, պարգևատրվել ոստիկանության ծառայության   10, 15 տարիների համար շնորհակալագրերով, պատվոգրերով, խրախուսագրերով և "Օրենքի պատվար" մեդալներով։ Արսեն Հարությունյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Չարաբաստիկ պատերազմը զինվորագրեց նաև Ա. Հարությունյանին։ Նա առաջին իսկ օրից եղավ տարբեր վայրերում։ Իր վաշտով նա անկոտրում պաշտպանական մարտերում էր Հադրութում, որտեղ բազմիցս փրկել է բազմաթիվ կյանքեր շրջափակումից, և հերթական  հերթափոխության ժամանակ էլ թշնամու Աթս֊ից փրկելու նետվեց նոր ժամանած ոստիկանների, որոնց հետ էլ նա անմահացավ հոկտեմբերի 15-ին ընտանիքի անդամների և հարազատների, ընկերների սրտերում թողնելով անբուժելի վերք։

Անդառնալի ու անսփոփ վիշտ։ Ընտանիքում իշխում է և՛ ցավ, և՛ վիշտ, և՛ կարոտ, անսահման կարոտ։ Ամուսնացած էր, ունի 2 դուստր։ Մեծը՝ Թամարը, սովորում է դպրոցում, փոքրը՝ Մարիամը, չնայած 10 տարեկան է (ունի գլոբալ զարգացման հապաղման խնդիր), չի խոսում, սակայն իր կարոտը արտահայտում է իր ձևով՝ գլուխը բարձրացնելով վեր կանչում է պա֊պա։ Նա ամենուր փնտրում է հայրիկին։ Դռան ամեն մի զանգից վազում է դեպի դուռը և սպասում հայրիկին...

Top