logo

Այսօր «Արցախի հերոս» Նարեկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հրազդան քաղաքում։
Մանկությունն անցկացրել է հայրենի  Ավետարանոց գյուղում։
1998 թվականին ընդունվել և 2006 թվականին ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան համար 3-րդ միջնակարգ դպրոցի  8-րդ դասարանը։
Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջ։
2010 թվականի դեկտեմբերին ուսումը կիսատ թողնելով մեկնել է ծառայության Մատաղիսի պաշտպանական շրջանում։  
2014 թվականին Նարեկը պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել Թալիշի պաշտպանական շրջանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին։ 
Բարեխիղճ ծառայության համար 2016 թվականին արժանացել է սպայի կոչման և նշանակվել է հետախուզական դասակի հրամանատար։
2020 թվականի ամռանը տեղափոխվել է Եղնիկներ պաշտպանական շրջան։ 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հարազատ եղբոր հետ  կրակի ամենաթեժ կետերում է եղել...
«Մենք Եղնիկներում էինք, այնուհետև Օմարի լեռներում, Սղնախ գյուղում, լսելով, որ թուրքերը մոտենում են մեր մյուս գյուղերին առանց երկմտելու վաշտի զինծառայողների հետ մեկնեցինք Շուշիի շրջան՝ պաշտպանելու մեր գյուղերը...
Երբ տեղ հասանք և հասկացանք, որ թշնամին արդեն Քարին Տակ գյուղում է»- պատմում է Նարեկի եղբայրը...
artsakhnews -թղթակցի այն հարցին, երբ պատերազմը վերսկսվի այս ամենից հետո  դուք դարձյալ մեկնելու եք ռազմաճակատ,  Նարեկի եղբայրն՝ Արան այսպես պատասխանեց.
-«Եթե անցած պատերազմներին պարտավորվածությամբ եմ մասնակից եղել, վերսկսվող պատերազմին իմ մասնակցությունն երազանք է դարձել ի՛նձ համար։ 
 Չվերադառնալու գիտակցումով պետք է պատերազմի մեկնել.
  Ես և եղբայրս այդպես ենք միշտ մտածել և այդպես էլ գործել ենք։ Հավատացած ու վստահ եմ,  որ մենք մեր սուրբ հողերը ազատագրելու ենք, եղբորս կիսատ գործը մե՛նք պետք է ավարտին հասցնենք»... 
Նարեկ Հովհաննիսյանը նահատակվել է նոյեմբերի 7-ին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի պաշտպանության ժամանակ...
2021 թվականի ապրիլի 5-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N  զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար
ավագ լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և 
«Ոսկե արծիվ»  շքանշան է շնորհվել:

 

Top