logo

Ծնունդդ շնորհավոր ազատության մարտիկ

Էդմոն Բարսեղյանը ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 4-ին։ Սկբզնական կրթությունը ստացել է Ասկերանի միջնակարգ դպրոցում, որը 1985 թվականին ավարտել է ոսկե մեդալով։ 1986թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1987թ. հուլիսի 1-ին Էդմոնը զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։
Դպրոցի զինղեկ Էրիկ Ապրեսյանը ներկայացրեց Էդմոն Բարսեղյանի խորհրդային բանակում ծառայելու ուղին.Սակայն նա բանակում խորը հիասթափություն է ապրում, հանդիպելով բազում անարդարությունների, որոնք ի վերջո ի մի գումարվելով ստիպում են, որ Էդմոնը վերջապես ըմբոստանա այդ ամենի դեմ։ Նա ծեծում է հրամանատարներից մեկին, որը պարբերաբար ծաղրում ու վիրավորում էր իր զինակից՝ ֆիզիկական արատ ունեցող մի ռուս զինվորի, և ինքնակամ լքում զորամասը։ 1987թ. նոյեմբերի 7-ին նա վերադառնում է Ղարաբաղ։ Սակայն հարազատների թախանձանքին տեղի տալով նա նորից վերադառնում է զորամաս և շարունակում ծառայությունը։ Այդ ընթացքում Ղարաբաղում կամաց-կամաց ծավալվում էր ընդհատակյա շարժումը։ 1989թ. մայիսին Էդմոնը զորացրվում և վերադառնում է Արցախ։
 Հանձնելով տաբերություն քննությունները նա ընդունվում է Կալինինգրադի պետական համալսարանի պատմա-իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսը։ Սակայն տեղեկանալով Հայրենիքում կատարվող իրադարձությունների մասին, նա վերադառնում է Արցախ և միանում նոր-նոր ձևավորվող ընդհատակյա ջոկատին։ Տղաների համար թիվ մեկ խնդիրը զենք ու զինամթերք հայթայթելն էր, ինչի համար էլ համախոհների հետ մեկնում է Երևան։ Արցախում գնալով դրությունը ծանրանում էր։ Արցախի հյուսիսային դարպասը վտանգի տակ էր։ Այն կորցնելը կնշանակեր՝ կորցնել Արցախը։ Էդմոնը բյուրեղավանցի Սամվել Վարդանյանի հրամանատարությամբ գործող Դաշուշենի ջոկատի կազմում անցնում է կոնկրետ մարտական գործողությունների կատարմանը։ Ռազմագործողությունները հաջորդում են իրար։ Էդմոնի մարտական ուղին ձգվեց մինչև Հադրութ, այնտեղից էլ՝ Շահումյան։ Թշնամին իր բազմատեսակ զենք ու զինամթերքով, զինվորների բազմաքանակությամբ գերակշռում էր։ Սակայն դա տղաներին չէր ընկճում, ամենուր կենաց-մահու կռիվ էին տալիս հայ քաջորդիները քաջ գիտակցելով, որ եթե կորցնենք Շահումյանը, կկորցնենք նաև Մարտակերտը… 
1990թ. դեկտեմբերի 23-ին Էդմոնը ամուսնանում է Նարինեի հետ։ Սակայն ամուսնությունը չխանգարեց նրան շարունակելու պայքարը։ Քանզի հայրենասիրությունը լոկ գաղափար չէր նրա համար․․․                                                        Մեջբերենք Մարինե Աղաբալյանի խոսքը՝ «1991թ օգոստոսի 28-ին չարաբաստիկ լուրը շատ արագ հասավ իմ ընտանիքին,Արցախի Շահումյանի դարպասը պահող մեր կամավորական ջոկատի հերոս տղաները դիմադրում էին թշնամուն,կատաղի մարտում ցավոք մահացու վիրավորում ստացավ Էդմոնը:Չգիտեմ ինչ կատարվեց հետս այդ չարաբաստիկ լուրը լսելուց,որի հետ նաև հայտնեցին որ հանկարծ չփորձես տեղիցդ շարժվել ,ուղղաթիռների վրա էլ են կրակում,ինձ մի կերպ համոզեցին և ես այդ ծանր վիշտը կոկորդումս սեղմած պատկերացնում էի իմ հարազատների վիճակը,քրոջս՝ Նարինեի տառապանքը ով երկու ամսից լույս աշխարհ պիտի բերեր իր առաջնեկին:Հետո պիտի իմանայի թե ինչպիսի տառապանքով են կարողացել հողին հանձնել Էդմոնի աճյունը,ով ընդհատակյա պայքարի մեջ մտնելով առաջին զոհը դարձավ Ասկերան բնակավայրի,շրջանցելով ճանապարհներ ,որպեսզի թշնամու թիրախում չհայտնվեն,գիշերով տարան ...28 տարի առաջ զոհվեց մեր շատ սիրելի Էդմոնը,բայց այսօր մենք հիշատակելու հետ հպարտ ենք և շնորհակալ աստծուն ,որ մենք ունենք հոր անունը հպարտությամբ կրող Էդմոն որդի և պապիկի անունը կրող Էդվարդ թոռ:Թող այլևս ոչ մի ընտանիք չտեսնի նման վիշտ, նորահարսի նման տառապանք, թող խաղաղություն իջնի մեր երկրի վրա և մարդիկ ապրեն հանգիստ ու խաղաղ»:                                                                                                                 

Top